Կոչ՝ հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին. միասին կանգնեցնենք ատելության քարոզը
30.01.2020 Մեկնաբանությունները կասեցված են Կոչ՝ հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին. միասին կանգնեցնենք ատելության քարոզը-ում Հայտարարություններ Աշխատակազմ

Հարգելի լրատվամիջոցներ,

Օրեր առաջ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական մի շարք գործիչների ձերբակալությունները և այդ իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ վեր հանեցին մտահոգիչ փաստեր՝ այլակարծության նկատմամբ սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության ահագնացող չափերի մասին:

Ազգային հակակոռւպցիոն խորհրդի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով մենք արձանագրում ենք, որ ոչ միայն ընդդմիադիր գործիչներին բերման ենթարկելու ոստիկանության գործողություններն էին ուղղորդված և նախապես պլանավորված, այլ նաև դիտարկվել են հատուկ կազմակերպված ֆեյքային գրոհներ սոցիալական ցանցերում՝ ձերբակալված անձանց, նրանց համակիրների, աջակիցների, անգամ պաշտպանների նկատմամբ: Առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ այս գործողությունները համակարգվել են պետական ռեսուրսների հաշվին:

Մեծապես կարևորելով այն ահռելի և կարևոր աշխատանքը, որ իրականացրել են ԶԼՄ-ները՝ ապահովելով իրադարձությունների պատշաճ և հետևողական լուսաբանում, ցավով արձանագրում ենք, որ այդ նույն հեռարձակումները հարթակ դարձան սոցիալական ցանցերի օգտատերերի համար՝ իրենց քաղաքական հայացքներից ելնելով մյուս կողմի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու, բռնության կոչեր հնչեցնելու, վիրավորանքներ և հայհոյանքներ տարածելու համար:

Այս իրադարձությունները վերահաստատեցին վերջին ամիսների մեր դիտարկումները, որոնք ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում շարունակաբար հնչեցվում է ուղղորդված ատելության խոսք, կողմերն իրար նկատմամբ իրականացնում են թույլատրելիի բոլոր սահմանները հատող տեղեկատվական գրոհներ:

Հաշվի առնելով ստեղծված մթնոլորտը, հանրության տարբեր շերտերի խիստ սուբյեկտիվ և առավելապես էմոցիոնալ դիրքորոշումները, կեղծ օգտահաշիվների լայն կիրառությունը` կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին՝ քաղաքական գործընթացների այսպիսի լարումների պարագայում յություբյան live հեռարձակումների ժամանակ օգտվել տեսանյութի մեկնաբանությունները ապաակտիվացնելու հնարավորությունից:

Որպես լրատվամիջոցներ, որոնց առաքելությունն է ապահովել անաչառ և անկողմնակալ լրատվություն, դուք այսպիսով թույլ չեք տա հանրային առանց այն էլ բևեռացված տրամադրությունների է΄լ ավելի սրումը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կնպաստեք հանրային համերաշխության կայացմանը, որին այլընտրանք Հայաստանն այլևս չունի:

Եթե մենք չանենք այս քայլերը և շարունակենք հարթակ ու հնարավորություն տրամադրել հասարակության տարբեր հատվածներին ատելության խոսքի տարածման համար, հետևանքները լինելու են աղետաբեր: Անթույլատրելի ենք համարում մեր հասարակության պառակտումը, բարեկիրթ քաղաքական բանավեճի կանոններից այս աստիճան շեղումը, իսկ բարոյական այն անկումը, որ նկատվում է բազմաթիվ իրական և կեղծ օգտատերերի մեկնաբանություններում, չափազանց դժվար է լինելու հաղթահարել հետագայում:

Հույս ունենք, որ մեր կոչին կարձագանքեք ըստ արժանվույն և որպես պատասխանատու ԶԼՄ-ներ՝ ապագայում թույլ չեք տա և կկասեցնեք ատելության քարոզը ձեր եթերում և քայլեր կձեռնարկեք` սոցիալական ցանցերի ձեր պաշտոնական էջերում նույնպես բռնության կոչերի, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների հեռացման և այս արատավոր երևույթը այլևս կանխելու ուղղությամբ: