Tert.am | Տխրահռչակ վաղ կենսաթոշակի նախագծի խնդիրներն ու դրա մոտալուտ հակասահմանադրականությունը. Արսեն Բաբայան
23.12.2019 Մեկնաբանությունները կասեցված են Tert.am | Տխրահռչակ վաղ կենսաթոշակի նախագծի խնդիրներն ու դրա մոտալուտ հակասահմանադրականությունը. Արսեն Բաբայան-ում Լուրեր Աշխատակազմ

Ներկայացնում ենք ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու խնդիրների մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի հոդվածը, որը գրվել է Tert.am-ի համար։

Դատական համակարգի անկախությունը պահանջում է, որ դատավորները զերծ լինեն արտաքին ճնշումներից, և՛ ուղղակի, և՛ անուղղակի միջամտությունից ու ազդեցությունից:

Դրա համար պետք է առկա լինեն որոշակի երաշխիքներ դատավորների նշանակման, ազատման,  դատարանի կազմի, կառուցվածքի, ժամկետի, գործառույթների իրականացումից հրաժարվելու հետ կապված:

Ի թիվս այլնի այս երաշխիքներին ոչ իրավաչափ կերպով միջամտությունը հանդիսանում է անկախության սկզբունքի խախտում:

Անկախությունը պետք է դիտարկել և՛ որպես դատական իշխանության հատկանիշ, և՛ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Անկախությունը պետք է ապահովվի նաև օրենսդրի և գործադիրի միջև իրավահարաբերություններում, որից ենթադրվում է, որ այս մարմինները ևս չպետք է ոչ իրավաչափ կերպով միջամտեն դատական իշխանության գործերին:

Որպես անկախության չափման միավոր է հանդիսանում նաև օբյեկտիվության թեստը, որի համաձայն՝ դատարանի կազմը և այլ հանգամանքները չպետք է կասկած հարուցեն անկախության տեսանկյունից:

Այս ամենի լույսի ներքո դիտարկելով վաղ կենսաթոշակի վերաբերյալ օրենքի նախագիծը՝ ակնհայտ է դառնում, որ իշխանության կողմից խաթարվել են դատական իշխանության անկախության, այդ թվում՝ արդար դատաքննության սկզբունքները, մասնավորապես.

Նախագիծը գործիք է հանդիսանում գործող դատավորներին հեռացնելու և նոր կազմ ձևավորելու հարցում, ինչը ուղիղ միջամտություն է դատական իշխանության նկատմամբ

Այս հարցի համատեքստում շատ կարևոր է երկու հանգամանք.

Արդյո՞ք իշխող ուժը, ի դեմս օրենսդիրում իր խմբակցության, կարող է առանց այլ քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի ընտրել իր համար ցանկալի ՍԴ դատավորի թեկնածուներին,

Արդյո՞ք վաղ կենսաթոշակի գնալը իսկապես կամավոր է:

Դատավորների ընտրության մասով հարկ է նշել, որ թեև նախագծով սահմանված է դատավորների՝ կամավոր կերպով կենսաթոշակի հնարավորություն, այդուհանդերձ՝ ուսումնասիրելով փաստերը, ակնհայտ է դառնում, որ այն մեղմ ասած կամավոր չէ:

Մասնավորապես, այդ մասին են վկայում նախագծի քննարկումներին զուգորդած հայտարարությունները, այդ թվում՝ ԱԺ նախագահի, նրա տեղակալի, արդարադատության նախարարի մակարդակով՝  արժանապատիվ հեռանալու, արժանապատվություն ունենալու դեպքում առաջարկը ընդունելու, պարտադիր փոփոխությունների և ոչ ոքի խույս չտալու մասին:

Այդ մասին է վկայում նաև ՍԴ շուրջ ամիսներ շարունակ ձևավորված իրավիճակը՝ զուգորդված վիրավորանքներով, սպառնալիքներով, շինծու քրեական գործերով՝ որոնք մի կողմից կարող են հանդիսանալ կրկնվելու ազդակ՝ խաղաղ պայմաններում չհեռանալու դեպքում, իսկ մյուս կողմից ունեն կրկնվելու իրական և մեծ շանսեր:

Այլ կերպ ասած, նույնիսկ հետագա ազդեցությունների բացակայության դեպքում ստեղծվել են բոլոր հիմքերը դատավորներին ճնշելու և այդ քայլին գնալուն հարկադրելու համար, որն արդեն իսկ հակասում է կամավորությանը,  իսկ նախագիծը հերթական պարարտ  հողը կլինի ՍԴ նկատմամբ ճնշումների նոր ալիքի՝ որոնք կարող են լինել և տեսանելի և անտեսանելի, ունենալ տարատեսակ դրսևորումներ: Չէ՞ որ, ինչպես Աժ նախագահն էր պնդում, դեռ շատ պլաններ ունեն մշակած ՍԴ հարցում իրենց նպատակին հասնելու համար:

Բացի այդ, ինքնին կամավորության սկզբունքի խախտում է երկամսյա ժամկետի սահմանումը, որն ունի հարկադրող բնույթ, և չի պարունակում ողջամիտ հիմնավորում:

Եվ իզուր չէ, որ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում շեշտադրել է «խիստ կամավորության» հարցը՝ կասկածելով որոշակի հանգամանքների վրա:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նոր կազմ ձևավորելուն և վերահսկելի դատարան ունենալուն՝ ապա դա իրական է: Մասնավորապես, թեև սահմանված է ՍԴ դատավորի ընտրության բավականին բարձր շեմ, որպեսզի ընտրությունը լինի կոնսենսուսի արդյունքում, ներկա պայմաններում իշխող ուժը, լինելով բացարձակ մեծամասնություն և ունենալով բավարար ձայներ, կարող է միանձնյա ձևավորել ՍԴ նոր կազմը: Ընդ որում, թեև տարբեր մարմինների կողմից առաջադրումներ կատարելու հնարավորությունը ևս միտված է դատարանում քաղաքական ազդեցությունը չեզոքացնելուն, Վահե Գրիգորյանի փորձը ցույց տվեց, որ հնարավոր է արհամարհել ցանկացած առաջադրում, եթե թեկնածուն իշխող ուժի սրտի թեկնածուն չէ: Այսպիսով, ներկա փաստերը լիովին ցույց են տալիս ՍԴ վերահսկելի դատարան ձևավորելու իրական շանսերն ու մոտիվները և այս հարցում երաշխիքների իրական բացակայությունը:

Իսկ որքանո՞վ է այդ միջամտությունն արդարացված

Սա պարզելու համար պետք է ուշադրություն դարձնել նախագծի նպատակին և դրան հասնելու համար ընտրված միջոցներին:

Նպատակը — որպես նախագծի հիմնավորում է նշված նոր Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի մոդելի կյանքի կոչումը: Հարկ է նշել, որ նախագծով սահմանված նպատակը ինքնին իրավաչափ չէ այն համատեքստում, քանի որ հենց սահմանադիրն է որոշել, որ Սահմանադրական դատարանի մոդելը պետք է ամբողջանա (ինչը երկու դատավորի պարագայում արդեն իսկ իրացվել է)՝ հետզհետե նշելով, որ դատավորները շարունակելու են պաշտոնավարել: Այլ կերպ ասած, նշված նպատակը հակասում է սահմաանդրի կամքին, որը իրացվել էր՝ հաշվի առնելով դատավորների անփոփոխելիության սկզբունքը:

Բացի այդ, օրենսդրի նպատակը վեր հանելու համար կարևոր գործիք են հանդիսանում ոչ միայն համապատասխան դրույթը կամ դրա ֆորմալ հիմնավորումը, այլև օրենսդրական գործընթացին նախորդող և հաջորդող գործընթացները:

Սա դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ նպատակը Սահմանադրական դատարանի ոչ վերահսկելի դատավորներից ազատվելն է: Մասնավորապես, այս մասին են վկայում նախորդող ամիսներին իշխանական ուժի արշավը Սահմանադրական դատարանի դեմ տարբեր և նույնիսկ անհեթեթ պատճառաբանություններով՝ (անդամները դատավորներ չեն, հանրային վստահություն, նախկին ռեժիմի կողմից նշանակված լինել և այլն) զուգորդված վիրավորանքով և սպառնալիքով, և ակնհայտ է, որ այս նախագիծը նշված արշավի շարունակությունն է:

Նախագծի կոնտեքստից շեղումը նկատելի էր նաև բուն նախագծի քննարկման արդյունքում, քանի որ կրկին անգամ խոսվում էր ոչ թե դատարանի ցանկալի մոդելի, այլև դատավորների հանրային վստահության, նրանց՝ իշխանությունը զավթած խմբակ, հանցագործ լինելու և այլնի մասին:

Գլխավոր մոտիվացիան – Հնազանդ դատարան ունենալու համատեքստում, որպես գլխավոր մոտիվացիա կարելի է դիտարկել թերևս Ռ. Քոչարյանի գործից Սահմանադրական դատարանի դատավորներին մեկուսացնելը: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ Քոչարյանի գործի վերսկսումը նախատեսվում է փետրվար-մարտ ամիսներին, իսկ կենսաթոշակի առաջարկի վերջնաժամկետը հունվարի 31-ն է: Իսկ այս գործի՝ իշխանության համար կենսական հարց լինելը ակնհայտ է բոլորի համար. Այդ գործով դիմումները ՍԴ մուտք արվելուց հետո սկսվեց արշավը ՍԴ-ի նկատմամբ, ՍԴ նախագահի և նրա մտերիմների հետ կապված քրեական գործերը հարուցվեցին և բուռն ճնշումները սկսվեցին հենց Քոչարյանի գործով որոշման կայացումից հետո: Սրա վկայությունն են  պատգամավորների արտահայտությունները այն մասին,  որ եթե դիմում չներկայացվեր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ, նախագահի դեմ գործընթաց չէր սկսվի, Քոչարյանի գործով որոշումից խուսափելու համար պետք էր ի սկզբանե հետևել Վահե Գրիգորյանի հորդորներին, նոր դատավորներ առաջադրել և այլն:

Բացի այդ, մոտիվացիայի հարցում էական է նաև նոր կազմի նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորությունը, ինչը լրիվ իրատեսական է, ինչպես նշվեց վերևում:

Այսպիսով, պարզ է դառնում, որ նախագծի և ֆորմալ և իրական նպատակները իրավաչափ չեն:

Նպատակին հասնելու համար ընտրված միջոցները – այս հարցը պարզելու համար ուշադրության է արժանի երկամսյա ժամկետի սահմանումը: Մասնավորապես, երկամսյա ժամկետում կենսաթոշակի պահպանմամբ լիազորությունները վայր դնելու կանոնակարգումը մեծ վնաս կարող է հասցնել դատարան դիմած սուբյեկտներին, դատարանի կայունությանը, այն դեպքում, երբ շատ ավելի մեծ ժամանակային ինտերվալի կամ փուլային լուծման դեպքում էլ հնարավոր կլիներ ապահովելու «ակնկալվող մոդելը»՝, միևնույն ժամանակ թույլ տալով դատավորներին ավարտելու իրենց վարույթում գտնվող գործերը պատշաճ ժամկետներում և զերծ մնալ դատարանի ինստիտուցիոնալ կայունությունը խաթարող այնպիսի իրավիճակից, որը կառաջանա դատավորների միաժամանակյա հեռացման դեպքում: Այս մասին խոսել էր նաև Վենետիկի հանձնաժողովը, որը կրկին անտեսվել էր:

Այսպիսով, պարզ է դառնում, որ նշված նպատակին կարելի էր հասնել շատ ավելի նվազ չափով միջամտելով դատական համակարգի կայունությանը և արդար դատաքննության իրավունքին:

Իսկ ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին՝ նեղ իմաստով, ապա պետք է փաստել, որ տեսակարար կշռի առումով վտանգի տակ է գտնվում կարևորագույն իրավունք և սկզբունք, ինտենսիվ միջամտության դրսևորմամբ, ինչպես նշվեց վերևում: Ընդ որում, անհասկանալի է, թե հանուն որ իրավունքի կամ ազատության է սա արվում, մասնավորապես՝  իշխանության երազանքների ՍԴ-ի մոդելի ուշ կյանքի կոչումը ո՞ր իրավունքը կամ ազատությունն է խաթարում, և ինչ չափով, որն ավելի կարևոր է:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ օրենսդիրի կողմից նման նախագծի ներկայացումը հանդիսանում է միջամտություն դատական իշխանության, արդար դատաքննության իրավունքի նկատմամբ, որը արդարացված չէ ոչ իրավաչափ նպատակի, ոչ դրան հասնելու համար ընտրված միջոցի համատեքստում, ուստի ոչ համաչափ և ոչ օրինական է:

Ի վերջո, սրա վկայությունն են ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ նախագծին դեմ քվեարկելու մասին, նրանց որակումները նախագծի՝ քաղաքական հաշվեհարդար և տեռոր լինելու մասին:

Նման պայմաններում նախագիծն ունի լիարժեք շանսեր՝ ոչ միայն հակասահմանադրական ճանաչվելու, այլև արժանանալու միջազգային հանրության՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականին և ինչու ոչ՝ սանկցիաներին:

Այս համատեքստում դատավորները թերևս պետք է երկար մտածեն առաջարկն ընդունելուց առաջ, քանի որ աշխատելու համար սահմանված սոցիալական երաշխիքը չաշխատելու պարագայում կարող է վերածվել անաշխատ եկամտի և ոչ միայն վերացվել և ետ պահանջվել, այլև՝ պատասխանատվության հիմք հանդիսանալ: